
1995 թ. երկու գինեգործական ընտանիքներ՝ հայտնի Ֆրեսկոբալդիները Տոսկանայից և Մոնդավինները Ամերիկայից, որոշեցին միավորել ուժերը և ստեղծել Luce Della Vite համատեղ ձեռնարկությունը` Մոնտալչինո շրջանում: Այսպիսով համատեղվեցին Կալիֆորնիայի գինու շուկայի առաջատարներից մեկի՝ Մոնդավի ընտանիքի նորարարական մոտեցումն ու ժամանակակից տեխնոլոգիաները և Ֆրեսկոբալդի ընտանիքի դարավոր փորձը: Ամեն ինչ սկսվեց 1993 և 1994 թթ.՝ Ֆրեսկոբալդիների գինու մառաններում եղած գինիների բլենդավորման գործընթացից։ Բրունելլո դի Մոնտալչինո ապելասիոնի ավանդույթների համաձայն՝ նախատեսվում էր արտադրել 100% Սանջովեզե խաղողի գինիներ, սակայն գինեգործները որոշեցին համատեղել Սանջովեզեի ուժեղ կառուցվածքը ու Մերլոյի կլորությունը. արդյունքում ստեղծվեց Luce սուպերտոսկանական գինին, որն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային գինեգործության էլիտայի շրջանում։